ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կհանգեցնի տարածաշրջանի կայունության վատթարացման. Չինաստանի ԱԳՆ
ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, անշուշտ, կհանգեցնի տարածաշրջանի կայունության վատթարացման: Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը դեպի արևելք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և դաշինքի միջամտությունը տարածաշրջանային գործերին անխուսափելիորեն կխաթարեն խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Մաո Նինը:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ասիան «չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»։
Մաո Նինը հավելել է, որ Ասիայում ՆԱՏՕ-ի առաջխաղացումը «կնպաստի դաշինքային առճակատմանը»:
«Դա պետք է դրդի տարածաշրջանի երկրների զգոնության բարձրացման»,- ասել է նա։
Մայիսի 3-ին ճապոնական «Nikkei» թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն մտադիր է հաջորդ տարի ներկայացուցչություն բացել Ճապոնիայում։ Այն կկատարի կապի գրասենյակի գործառնություններ, որի միջոցով ՆԱՏՕ-ի երկրներն ու Ճապոնիան կարող են խորհրդակցություններ անցկացնել տարբեր հարցերի շուրջ։ Հրատարակությունն ընդգծել էր, որ Տոկիոյի կապի գրասենյակի ներկայացուցչության միջոցով այդ խորհրդակցություններին կկարողանան նաև մասնակցել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, մասնավորապես Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Հրատարակության տվյալներով՝ պաշտոնապես համապատասխան որոշումը կարող է հաստատվել մինչև ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա հունիսի 11-12-ը Վիլնյուսում:
Ավելացնել նոր մեկնաբանություն