Հայրենական մեծ պատերազմում հայերի ավանդը

Հայրենական մեծ պատերազմում հայերի ավանդը

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600.000 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհետ կորել է: 

Համաձայն ազատ էլեկտրոնային հանրագիտարանի տվյալների՝ ԽՍՀՄ-ից պատերազմ է զորակոչվել 440.000 հայ, որից 250.000-ը՝ Հայաստանից, այն դեպքում, երբ 1939 թվականի մարդահամարի  տվյալներով՝ Հայաստանն այդ ժամանակ ուներ 1 միլիոն 300 հազար բնակիչ:

Պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ (հավասարեցված է հերոսներին), 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվն անցել է 150-ը: Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

  • Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը,
  • Համազասպ Բաբաջանյանը Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ էր,
  • Հովհաննես Իսակովը Խորհրդային միության նավատորմի ծովակալ էր, իսկ  պատերազմի ժամանակ պարզապես՝ ծովակալ Հովհաննես Իսակով,
  • Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով) ավիացիայի մարշալ էր,
  • Սերգեյ Ագանովը (Աղանյան) Ինժեներական զորքերի մարշալ էր:

Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։ Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը դարձյալ ծագումով արցախցի են: Պատերազմի տարիներին ազգությամբ հայ էր նաև բանակի 3, կորպուսի 6, դիվիզիայի 28, բրիգադի ու գնդի 100 հրամանատար:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակ (այդ թվում՝ 4-ը՝ խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը՝ պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցի՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գործել կամ ձևավորվել են մի քանի ազգային դիվիզիաներ՝ 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ հայկական հրաձգային դիվիզիաները, 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիան: Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ է մեկնել 390-րդ դիվիզիան, որը Ղրիմի Կերչի թերակղզում գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, իսկ նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը՝ զոհվել։

409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվել Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Իսկ 89-րդ «Թամանյան»  դիվիզիան պատերազմի ժամանակ անցնել է 3700 կիլոմետր, Հյուսիսային Կովկասից դիվիզիայի սկսած ուղին ավարտվել է Բեռլինում և փաստորեն դարձել Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան, որը Ռայխստագի պատերի տակ պարել է հայկական «Քոչարի»: Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

1920 թ. Հայաստանի բնակչությունը 700 հազար էր: Մինչև պատերազմի սկիզբն այն հասել էր 1.5 մլն-ի, սակայն շարունակում էր մնալ ամենափոքրը Խորհրդային միության կազմում (ԽՍՀՄ բնակչության 1.1%-ը): Չնայած այս հանգամանքին՝ 1941-1945 թթ. սովետական բանակ զինակոչվեց շուրջ 500 հազար հայ, նրանցից յուրաքանչյուր երկրորդը ռազմաճակատից ետ չեկավ: Սովետական Հայաստանի հայերի կորուստները կարելի է համեմատել պատերազմում ամերիկյան կողմի կորուստների հետ՝ ավելի քան 300 հազար մարդ:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն