ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է համատեղ ռազմական պլանավորում իրականացնել Իրանի դեմ. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթ առաջ Իսրայելի իշխանություններին հրավիրել էր համատեղ ռազմական պլանավորում իրականացնելու Իրանի դեմ։
Այս մասին հայտնել է «Axios» պորտալը՝ վկայակոչելով երկու երկրների պաշտոնյաներին։
Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ առաջարկն աննախադեպ է և կարող է լրջորեն ամրապնդել ամերիկա-իսրայելական ռազմական համագործակցությունը, ընդգծում է հրատարակությունը։ Ինչպես պարզաբանվում է, այս առաջարկը «չի վերաբերում Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների պլանավորմանը»։ Ենթադրվում է, որ այն նախատեսված է «Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը հավաստիացնելու համար»:
ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման համատեղ պլանավորումը նշանակում է, որ կողմերը կիսում են իրենց ծրագրերը տարբեր պատահարների համար և կարող են քննարկել, թե ինչպես լավագույնս կարգավորել տարբեր հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանում՝ կապված Իրանի գործողությունների հետ։
Ըստ «Axios»-ի՝ «իսրայելցի պաշտոնյաները դեռ կասկածանքով են վերաբերում առաջարկին»։ Նրանք մտավախություն ունեն, որ դա փորձ է «կապելու Իսրայելի ձեռքերը»՝ զերծ պահելով երկրին «Իրանի, հատկապես նրա միջուկային օբյեկտների դեմ գործելուց, եթե ԱՄՆ-ն առարկի»: Հրեական պետության իշխանությունները «չեն մերժել այդ գաղափարը, այլ պարզաբանումներ են խնդրել, թե գործնականում ինչ է նշանակում «համատեղ ռազմական պլանավորում», նշվում է հրապարակման մեջ։
Ինչպես երևում է նյութից, առաջարկն Իսրայել կատարած այցի ժամանակ արվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ԱՄՆ միացյալ շտաբի պետ Մարկ Միլիի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլայի կողմից։
Ավելացնել նոր մեկնաբանություն