Եմենի կառավարությունը քաղաքացիներին Սուդանից տեղափոխում է Եմեն
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը կիրակի սկսել է ինքնաթիռով տեղափոխել Սուդանում մնացած հարյուրավոր եմենցիների:
Երկրի կառավարությունը և արտակարգ իրավիճակների կոմիտեն, որը վերահսկում է Սուդանում տարհանման աշխատանքները, հայտարարել են, որ 179 եմենցի Պորտ Սուդանից ազգային ավիափոխադրող «Yemenia Airways»-ի առաջին ուղիղ չվերթով արդեն ժամանել է Ադեն՝ Եմենի ժամանակավոր մայրաքաղաք։
Եմենի չորս ինքնաթիռ կիրակի և երկուշաբթի Պորտ Սուդանից Ադեն և հութիների կողմից վերահսկվող Սանա կհասցնի 720 եմենցու․ պատերազմից տուժած Սուդանում գտնվում է մոտ 2000 եմենցի, որոնք շտապ պետք է տարհանվեն:
«Թվիթերում» Եմենի տեղեկատվության նախարար Մուամար ալ-Էրիանին ասել է, որ իրենք պատրաստվում են, բացի «Yemenia Airlines»-ից, պայմանագիր կնքել նաև այլ ավիաընկերության հետ՝ տարհանման թռիչքների քանակն ավելացնելու համար, որոնց ծախսերը կհոգա Եմենի կառավարությունը։
Ապրիլի 15-ից Սուդանն ավերված է երկրի բանակի և Արագ արձագանքման ուժերի պարագլուխների միջև մարտերի պատճառով:
Հազարավոր օտարերկրացիներ, այդ թվում՝ եմենցիներ, ներկայումս արգելափակված են Սուդանում:
Գրեթե 3000 եմենցի փախել է մայրաքաղաք Խարթումից և այլ քաղաքներից Կարմիր ծովի Պորտ Սուդան, որտեղ, ըստ տեղեկությունների, ապրում է սարսափելի պայմաններում՝ առանց կացարանի, սննդի, փողի և բժշկական օգնության:
Սաուդյան Արաբիայի փրկարար նավերն ավելի քան 860 եմենցու Պորտ Սուդանից տեղափոխել են Ջիդդա, որտեղից էլ ավտոբուսներով՝ Եմեն։ Ավելի ուշ Ջիդայից Ադեն է տարհանվել 450 եմենցի։
Ուսանողների միության ղեկավար Աֆիֆ ալ-Բարաշին «Arab News»-ին ասել է, որ առաջնահերթությունը տրվել է խոցելի մարդկանց տարհանմանը, ինչպիսիք են հիվանդները, կանայք, երեխաները և տարեցները:
«Իրավիճակը (Պորտ Սուդանում) ողբերգական է և ծանր, մարդիկ սպառել են իրենց խնայողությունները»,- ասել է Ալ-Բարաշին:
Եմենի կառավարության պաշտոնյաներն ու Սուդանում Եմենի դեսպանատան դիվանագետներն անհասանելի են մեկնաբանությունների համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն