ՆԱՏՕ-ում մտադիր են Ուկրաինային հատուկ կարգավիճակ տրամադրել
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են Ուկրաինային հատուկ կարգավիճակ առաջարկել «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» մեխանիզմի ձևով, որպեսզի այդ երկրի համար ապահովեն անհրաժեշտ քաղաքական աջակցություն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» մեխանիզմի ստեղծման ծրագրերը կարող են քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Օսլոյում: Բացի խորհրդի ձևից և ժամկետներից՝ Օսլոյում կքննարկվի նաև Ուկրաինային ռազմական օգնության ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ լրատվամիջոցի, ամռանն Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում է հակահարձակման։
«ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինայի հայտը, որը ներկայացվել է ութ ամիս առաջ, այդպես էլ առայժմ մնացել է առանց պատասխանի, բայց, հավանաբար, կդառնա հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կարգավիճակի բարելավման գաղափարը թափ է հավաքում»,- հայտնում է լրատվամիջոցը։
ՆԱՏՕ-ի մի քանի անանուն դիվանագետներ հայտնել են, որ խորհուրդը կլինի առաջին քայլը դաշինքի և Կիևի միջև «քաղաքական գործընկերությունն ընդլայնելու» գործում: Նրանց խոսքով՝ խորհրդի մեխանիզմը Կիևին թույլ կտա «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» սեղանի շուրջը լինել լիարժեք անդամ, այլ ոչ թե «հրավիրված երկիր», ինչպես հիմա:
Պաշտոնատար անձինք հավելել են, որ Ուկրաինայի արագ անդամակցումը ՆԱՏՕ-ին ներկա փուլում անհնար է:
#Դետքի_հետագծով
Ուկրաինայի իշխանությունները մշտապես ունեցել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն, սակայն պաշտոնապես դիմել են անդամակցության համար միայն 2022 թվականի սեպտեմբերին, երբ պատերազմի հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած տարածքները միացան Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ մի շարք փորձագետների համոզմամբ՝ արևմտյան երկրները դեռևս պատրաստ չեն ընդունել Ուկրաինային դաշինքի կազմում, սակայն այս նախաձեռնությունը որոշ չափով առաջ կմղի գործընթացը։
Ավելացնել նոր մեկնաբանություն