Ուկրաինան Գերմանիային խնդրում է եռապատկել մատակարարվող Leopard տանկերի թիվը

Ուկրաինան Գերմանիային խնդրում է եռապատկել մատակարարվող «Leopard» տանկերի թիվը

Կիևը Գերմանիայից խնդրում է իրեն էլ ավելի շատ տանկեր մատակարարել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը «Der Tagesspiegel» հրատարակությանը տված հարցազրույցում:

«Ուկրաինական բանակն առաջին հերթին շատ ավելի մեծ թվով արևմտյան տանկերի, հետևակի մարտական ​​մեքենաների և այլ զրահատեխնիկայի կարիք ունի»,- հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար, Բեռլինում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը։

Ըստ նրա՝ փոխանցված սպառազինությունների մի մասի` մարտերում կորստի պատճառով «յուրաքանչյուր «Leopard 2» բառացիորեն ոսկու կշիռ ունի Ուկրաինայի զինված ուժերի վճռական հարձակման համար»։ Մելնիկի կարծիքով՝ Գերմանիան ի վիճակի է Կիևին ավելի շատ տանկեր փոխանցելու, քան արդեն մատակարարված 18-ը Բունդեսվերի պաշարում առկա ավելի քան 300 տանկերից, և ներկայիս թիվը կարող է «եռապատկվել՝ սպառնալիքի տակ չդնելով Գերմանիայի պաշտպանունակությունը»։

Միաժամանակ Անդրեյ Մելնիկը ԳԴՀ-ին խնդրել է ուկրաինական զինված ուժերին փոխանցել ևս 60 «Marder» հետևակի մարտական ​​մեքենա, ինչպես նաև «Taurus» թևավոր հրթիռներ և Կիևին օգնել հզոր օդուժ ստեղծելու գործում: Նախկին դեսպանը հավելել է, որ Ուկրաինան սպասում է «Գերմանիայի ռազմավարական որոշմանը՝ ակտիվորեն մասնակցելու կործանիչների մատակարարման կոալիցիային, անհապաղ հնարավորություն ընձեռելու ուկրաինացի օդաչուներին վերապատրաստվելու «Eurofighter» կործանիչների վրա և տրամադրելու ավելի քան 130 ինքնաթիռների մի մասը»։

Ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը (ՔԴՄ) պաշտպանել է Բեռլինին ռազմական օգնությունն ավելացնելու Ուկրաինայի փոխարտգործնախարարի կոչը։

«Ուկրաինայի գործընկերները պետք է անհապաղ փոխարինեն ողջ ոչնչացված տեխնիկան, ներառյալ՝ բոլոր «Leopard» մարտական ​​տանկերն ու զրահափոխադրիչները, ինչպես նաև լրացուցիչ նյութեր մատակարարեն»,- «Der Tagesspiegel» հրատարակությանն ասել է ՔԴՄ-ի` անվտանգության հարցերով փորձագետ Ռոդերիխ Կիզևետերը:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն