Բլինքենը Պեկինում հանդիպել է Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ
Բլինքենը Պեկինում հանդիպել է Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ
«Պեկին» լրատվականը գրում է․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ Պեկին կատարած այցի երկրորդ և վերջին օրը (հունիսի 18-ին - խմբ․), հանդիպել է Չինաստանի գլխավոր դիվանագետ Վանգ Յիի հետ՝ նպատակ ունենալով կայունացնելու հարաբերությունները երկու տերությունների միջև:
Կիրակի Բլինքենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Քին Գանգն «անկեղծ» և «ուղիղ» բանակցություններ են վարել Պեկինում, հայտնել է Պետդեպարտամենտը:
Յոթուկես ժամ տևած հանդիպման ընթացքում Քինն ընդունել է Միացյալ Նահանգներ մեկնելու հրավերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների միջև ավելի շատ թռիչքներ իրականացնելու, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ «աշխատանքային մակարդակով» աշխատելու վերաբերյալ, ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։
«Քարտուղարը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները միշտ պաշտպանելու է ամերիկացի ժողովրդի շահերն ու արժեքները և աշխատելու է իր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ առաջ մղելու ազատ, բաց և միջազգային կանոնների վրա հիմնված կարգը պահպանող աշխարհի մեր տեսլականը»,- ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Բլինքենը 2018 թվականից ի վեր Պեկին այցելած առաջին պետքարտուղարն է: Նրա երկօրյա ուղևորությունը հետաձգվել է դեռևս փետրվարից՝ այն բանից հետո, երբ չինական հսկողության օդապարիկը թռել է ԱՄՆ օդային տարածքով:
«Հուսով եմ, որ այս հանդիպումը կարող է օգնել Չինաստանին և ԱՄՆ-ին վերականգնել հարաբերությունները, վերադարձնել այն, ինչի շուրջ երկու նախագահները (ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը) պայմանավորվել են Բալիում»,- գրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Հուա Չունինը «Թվիթերում»։ Այդ հանդիպման ընթացքում երկու ղեկավարները պայմանավորվել են պահպանել բաց հաղորդակցության ուղիները։
«Մեծ վստահությամբ ասել, որ երկու կողմերն էլ ընդունում են, որ մենք պետք է ունենանք բարձր մակարդակի հաղորդակցման ուղիներ, որ մենք գտնվում ենք հարաբերությունների կարևոր կետում։ Այստեղ, կարծում եմ, սխալ հաշվարկների ռիսկի նվազեցումը կարևոր է»,- լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։
Հայտնի է, որ Պեկինում Բլինքենի հանդիպումների օրակարգի հիմնական թեմաներն էին տարածաշրջանային անվտանգությունը, թմրամիջոցների դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, գլոբալ մակրոտնտեսական կայունությունը, Չինաստանում անօրինական կերպով ձերբակալված ամերիկացիները, ինչպես նաև ամերիկացիների և չինացիների փոխանակումները:
Ավելացնել նոր մեկնաբանություն