Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. Սիմոնյան

Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. Սիմոնյան

Հունիսի 26-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս հարցում Երևանն օգտագործում է միջազգային բոլոր լծակները:

«Այդ հայտարարությունը, կարծում եմ, հենց իրենց՝ ադրբեջանական կողմին է վնաս տալիս, որովհետև նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ էր դարձել, չեն լուծում. դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինի, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն: Վստահ եմ՝ ինչ-որ փուլի իրենք դրան կգան, նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլ հետքայլերի համար է. իմ տպավորությունը և իմ կարծիքն է»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որով վերջինս մերժել էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի պահանջը:

Հարցին, թե Բաքուն ի վերջո համաձայնվելո՞ւ է Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմի ներդրմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մեր համար հայության իրավունքների մասով կարևորագույն հարց է, այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, դա ինքնախաբեություն է։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ․ մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»:

Ալեն Սիմոնյանը դժվարացավ ասել՝ մեխանիզմները կներառվե՞ն խաղաղության պայմանագրի մեջ, թե՞ առանձին փաստաթուղթ կդառնան:

«Չգիտեմ՝ խաղաղության պայմանագրի մեջ այդ մասը կներառվի՞, թե՞ առանձին փաստաթուղթ կլինի․ խոսել ենք դրա մասին, կոնկրետ երաշխիքներ են պետք, որովհետև մենք ունենք օրինակ․ նոյեմբերի 9-ի պարագայում, որ պայմանները չեն պահպանվում, և երաշխիք՝ որպես այդպիսին հանդիսացող երկիրը գործողություններ չի անում կամ չի կարողանում անել: Ես հիմա վստահ չեմ, որ մենք խաղաղության պայմանագրում դա պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որտեղ երաշխավոր կհանդիսանա որևէ երկիր կամ մի քանի երկրներ, ուստի ուզում եմ ասել՝ եթե այդ հարցը չքննարկվեց, եթե չներառվեց, եթե հարցի լուծում չեղավ, նշանակում է, որ առնվազն բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություն կարող է համարվել»,- ասել է Սիմոնյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն