Submitted by H.Andreasyan on
Մովսես Հակոբյանն է հանձնարարություն տվել, որ 7-րդ պաշտպանական շրջանը րոպե առաջ պետք է լրիվ էվակուացվի. Փաշինյան

Մովսես Հակոբյանն է հանձնարարություն տվել, որ 7-րդ պաշտպանական շրջանը րոպե առաջ պետք է լրիվ էվակուացվի. Փաշինյան

Հոկտեմբերի 3-ին եկավ տեղեկություն, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ զորքերը ամբողջությամբ դուրս բերել: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:

«Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ և ասացի՝ ինչքանո՞վ է ճիշտ, որ այդպիսի որոշում կա: Ինձ ասացին, որ իսկապես այդ որոշումը կա:

ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո՝ ՊԲ հրամանատարի հետ: Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է: Ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը, և ո՞վ է կայացրել որոշումը, ինձ ասվեց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյան) է այդ ռեկոմենդացիան տվել: Ես ասացի՝ մի րոպե, Մովսես Հակոբյանն ի՞նչ գործ ունի այդտեղ, դա իր աշխատավայրը չէ:

Ես խորհրդակցեցի Արցախի նախագահի հետ, և ի պատիվ նրա՝ ինքը որոշում կայացրեց ու մի խմբով գնաց իրադրությունը տեղում գնահատելու, որովհետև այնտեղ գնահատականն այն էր, որ եթե մեր զորքը չհեռանա, ամբողջությամբ հայտնվելու է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչն ասում է՝ րոպե  առաջ պետք է 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել:

Ի պատիվ ԼՂ նախագահի՝ ինքը, եթե չեմ սխալվում, ԼՂ-ի պետական պահպանության ծառայության և ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի հետ գնաց, տեղում գնահատեց իրավիճակը, և, ինչպես ասացի, ճիշտ է՝ այնտեղ որոշ դիրքային խնդիրներ եղել էին, բայց նաև մինչև այսօր այդ տարածքը ԼՂ վերահսկողության ներքո է:

Արեգասարը ևս այդ տարածքում է: Արեգասար բարձունքի հետ կապված դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք, տեղում կողմնորոշվելով, առանց վերևից եկած հրահանգի, հակագրոհ են ձեռնարկում և հետ են վերցնում, և մեր գեներալներից մեկն ասում է՝ իջեցրեք զորքն այնտեղից։ Սրանով քրեական գործ կա, որն արդեն դատարանում է»,- ասել է Փաշինյանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն