Մեր պայքարը շարունակելու ենք, մինչև առաջին չզինված քաղաքացին կարողանա ձեռք բերել իր առաջին զենքը․ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում
Ցանկանում ենք հստակեցնել, որ մեր պայքարը շարունակելու ենք, մինչև առաջին չզինված քաղաքացին կարողանա ձեռք բերել իր առաջին զենքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ն։
«Հարգելի՜ ՀՀ քաղաքացիներ,
ԱԺ ում ընդունվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը։
Ըստ էության, քաղաքացիական զենք ձեռք բերելու համար նախատեսված քննություն վերցնող սուբյեկտը փոխարինվեց ՆԳՆ-ով։
Փոփոխություններով՝ ՆԳՆ-ին պարտավորեցվել է նաև 15-օրյա ժամկետում ընդունել քննական կարգը։
Մենք` Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը, ուրախ ենք արձանագրելու այս հարցի նկատմամբ ուշադրությունը և կատարված փոփոխությունները։
Սակայն, ինչպես հայտնի է նշված օրենքով, սույն թվականի հունվարի մեկից ուժի մեջ էր մտել հրաձգարանների մասին դրույթը, ինչը ենթադրում էր նաև որակավորված հրահանգիչների ինստիտուտը։ Սույն թվականի մայիսի 11-ին ՆԳՆ-ի կողմից ընդունվել է հրահանգիչների որակավորման կարգը, որը գործում է, բայց մինչ օրս չի կիրառվել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքով նախատեսված հրաձգարանները չեն կարող լիցենզավորվել որակավորված հրահանգիչների բացակայության պատճառով։ Փաստացի օրենքը այս մասով կրկին չի գործում։
Նման պայմաններում առկա է ողջամիտ կասկած, որ անգամ օրենքի նոր փոփոխություններով՝ զենքի ստացման քննական կարգի առկայությունը երաշխիք չէ, որ օրենքը ընդունելուց հետո 16-րդ օրը, առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին հնարավորություն կունենա հանձնել քննություն և ստանալ զենք ձեռք բերելու համապատասխան փատաթուղթ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն