Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, և վերջ․ Արցախի ՄԻՊ-ը՝ համաժողովրդական շարժմանը
Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը: Այս մասին հուլիսի 14-ին Ստեփանակերտում համաժողովրդական շարժման հանրահավաքին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Երբ այլևս մի ողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված: Գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրականացման անհերքելի սպառնալիքի ներքո: Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է»,- ասել է Ստեփանյանը:
Նա դիմել է միջազգային հանրության բոլոր դերակատարներին. «Մարդու իրավունքնե՞ր, ասում եք: Ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին, և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվողն հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է:
Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար: Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհվածի մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը:
Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում:
Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան: Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում և նմանատիպ այլ հայտարարություններ:
Բավ է, հերիք է: Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»:
Արցախի ՄԻՊ-ը դիմել է նաև ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը. «Մեզ խաղաղություն էր խոստացվել: Խաղաղությունը ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ: Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների և մեզ վրա թափվող անորոշությունները չեն:
Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:
Գեղամ Ստեփանյանը դիմել է նաև Հայաստանի ժողովրդին. «Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի՛ թողեք Արցախում ապրող հային իր սրբագույն երազանքի հետ մեն-միայնակ:
Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզնից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ինչ է նշանակում ապրել հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտը սրտում անթեղած: Ձեզ խնդրում եմ, եթե կուզեք, աղաչում եմ՝ վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը: Վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար:
Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, և վերջ: Վերջապես հասկացեք: Բոլոր նրանք, որոնք դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատասխանեն՝ արդյոք հնրավո՞ր էր պատկերացնել հրեաներին կյանքը նացիստական Գերմանիայում: Այո, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ:
Արցախը ապրելու է, հարատևելու է ի հեճուկս բոլոր չկամների և թշնամիների և ի փառս համայն հայության»:
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով և հայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն