Submitted by H.Andreasyan on
1

ՀՀ-ն չի կարող որոշել ԼՂ ժողովրդի ճակատագիրը․ Փաշինյան

Մեր կարծիքը այն է, որ Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, երկխոսության կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակում:

Կարծում եմ՝ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը, այս բանաձևի շրջանակում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրելու և ոչ միայն հարցեր առաջադրելու, բովանդակություն գեներացնելու, այլև, որ շատ կարևոր է, կրելու այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը: Դա է ճիշտ ճանապարհը»,- ասել է նա:

Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է որևէ փոփոխություն մտցնել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ կապված Արցախի հետ, Փաշինյանը պատասխանել է. «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե՞, այնուամենայնիվ, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանության: Այս հարցում մենք որոշում չունենք։ Սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք»:

Ավելացնել նոր մեկնաբանություն