Հումանիտար բեռները դեռ Կոռնիձորում են, պատասխան չկա ռուս խաղաղապահներից. Վարդան Սարգսյան
Դեպի Արցախի (Լեռնային Ղարաբաղ - խմբ․) ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։ Այս մասին ասել է Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ դիմել են ռուս խաղաղապահներին ուղեբեռը տեղափոխելու հարցով, սակայն ներկա պահին դեռ պատասխան չկա։ «Սպասում ենք պատասխանին: Այնպես չէ, որ որոշ ժամանակ առաջ պատասխան եղել է, այս պահին չկա»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ Երևանից բեռների դուրս գալու պահին նույնպես որևէ պատասխան չի եղել ռուս խաղաղապահների կողմից:
«Հայկական կողմը դիմել էր ռուսական խաղաղապահներին, որ հումանիտար բեռներն իրենք Սյունիքից տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ: Թե ինչ զարգացումներ կլինեն հետո, լրացուցիչ կասենք»,- ասել է Սարգսյանը՝ ի պատասխան հարցին՝ հայկական կողմը կհամաձայնվի՞, որ բեռները Արցախ հասնեն ադրբեջանցիների մեքենաներով։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 361 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել է ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք:
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի խոսքով՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:
Ավելացնել նոր մեկնաբանություն