Վաղը պետք է Ստեփանակերտ-Բաքու հանդիպում լիներ Բրատիսլավայում, բայց Ադրբեջանը հրաժարվել է․ Տիգրան Պետրոսյան
Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:
«Դուք գիտեք, որ Բաքուն արդեն մի քանի անգամ է՝ փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Եթե նրանք այդպիսի բան են պարտադրում, ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում: Օգոստոսի 1-ին Արցախի և Ադրբեջանի ՀԿ-ների միջև պետք է տեղի ունենար հանդիպում, նախնական՝ Սոֆիայում»,- ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ հետո Ռուսաստանը, այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել․ «Եվ ամսի 25-ին Լավրովը հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», ինչն անընդունելի է, և ցույց տվեց ՌԴ իշխանության այսօրվա քաղաքականությունը»։
Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել այն մասին, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանության հրաժարվել է հանդիպմանը ներկայանալուց։
«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան, և կլինեն որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ առաջարկներ, քննարկումներ են տեղի ունեցել։
Բայց ուզում եմ նաև ներկայացնել Մոսկվայի պահվածքը։ Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած մարդկանց առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակը մենք տեսանք։ Այս պայմաններում Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- նշել է Պետրոսյանը։
Ըստ նրա՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին։ Դրանք ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն