Տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին․ առևանգված արցախցու դուստր
Մինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել, միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում՝ նույնիսկ չնշելով, թե որ հիվանդանոցում: Այս մասին ասել է հուլիսի 29-ին Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանն այսօր՝ օգոստոսի 2-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
«Տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Ասում են՝ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե՛ ես, թե՛ հայրս, թե՛ ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց նկատմամբ, ինչ կարող ենք փոխանցել միմյանց: Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում: Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում, կամ միգուցե այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել իր հոր մասին, բայց այսօր ես եմ հայտնվել այդ վիճակում: Յուրաքանչյուրը կարող էր լինել իմ տեղում»,- նշել է նա:
Վերա Խաչատրյանն ասել է, որ այստեղ ոչ միայն իրենց ու հայ ժողովրդի իրավունքներն են խախտվել, այլև Կարմիր խաչի․ «Նրանց երաշխավորության ներքո էր հայրս գալիս Հայաստան՝ բուժում ստանալու, ուստի նրանք ևս կրում են պատասխանատվություն հորս առևանգման հարցում: Հայրս հանդիսացավ ապացույցը, որ նրանք յուրաքանչյուր պահի, եթե կարողացան իրենց ձեռքը հասցնել (արցախա)հայի, վնաս են հասցնելու: Նրանց հետ ապրել ուղղակի անհնար է: Երեկ էլի մարդ են առևանգել»:
Նա նաև տեղեկացրել է, որ ՄԱԿ-ին ուղղված իր նամակին դեռ պատասխան չի ստացել:
Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն