Չեխիայի նախագահը պաշտպանական համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ
Չեխիան ավարտել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի վավերացումը, նախագահ Պետր Պավելն արդեն ստորագրել է համաձայնագիրը, հայտարարել են նախագահի գրասենյակից։ Փաստաթուղթն այժմ «սպասում է» վարչապետ Պետր Ֆիալայի համաստորագրությանը, որը ներկայումս գտնվում է Խորվաթիայում: Այս մասին «Դետքը» տեղեկանում է չեխական լրատվամիջոցներից։
Փաստաթուղթը հավանության է արժանացել Չեխիայի խորհրդարանի երկու պալատում՝ կողմ են քվեարկել 72 սենատորներից 66-ը և 144 պատգամավորներից 115-ը:
Պաշտպանական համաձայնագիրը, որը բաղկացած է շուրջ 40 էջից, ներառում է տարբեր կետեր, այդ թվում՝ ԱՄՆ զինվորների իրավական կարգավիճակը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ամերիկացի զինվորների և նրանց ընտանիքների կողմից ավտոմեքենաների շահագործումը և ԱՄՆ զինված ուժերի կապալառուների կարգավիճակը: Բացի դրանից՝ համաձայնագիրը հարկերից և մաքսատուրքերից ազատում է ամերիկացի զինվորականներին Չեխիայում գտնվելու ընթացքում: Ավելին՝ այն ներառում է չեխական ռազմական օբյեկտները և շինությունները, որոնք ԱՄՆ զինված ուժերին թույլատրվում է օգտագործել նախապես համաձայնեցված պայմաններով:
Պատգամավորների պալատն ընդունել է նաև «ANO» կուսակցության առաջարկած ուղեկցող բանաձևը, որում նշվում է, որ համաձայնագիրը խորացնում է գործնական պաշտպանական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ բարձրացնելով Չեխիայի անվտանգությունը, նաև պարզաբանում է, որ փաստաթուղթն ԱՄՆ զինված ուժերին իրավունք չի տալիս Չեխիայում մշտական ռազմակայաններ կառուցելու կամ երկրում մշտապես հաստատվելու՝ առանց Չեխիայի նախնական համաձայնության, ինչպես նաև չի թույլատրում միջուկային զենքի տեղակայումը։
ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը պաշտպանական համաձայնագիր կամ նմանատիպ փաստաթուղթ ունի ԱՄՆ-ի հետ: Դաշինքի արևելյան անդամներից մնացել է միայն Չեխիան: Համաձայնագիրն ամրապնդում է պաշտպանական կապերը երկու երկրների միջև՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն