Իսրայելը մտադիր է հաշտության համաձայնագիր կնքել Սաուդյան Արաբիայի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է հաշտության համաձայնագրի կնքման հասնել, ինչպես նաև զարգացնել տնտեսական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Այս մասին Նեթանյահուն հայտնել է «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք կդառնանք պատմական իրադարձության ականատեսներ. հնարավոր է, ես չեմ կարող երաշխավորել, որ դա տեղի կունենա»,- ասել է Նեթանյահուն։ Նա նշել է, որ եթե գոյություն ունի քաղաքական կամք, ապա կգտնվի նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման ու հաշտության հասնելու քաղաքական ուղի։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ երկու երկրները կարող են զարգացնել տնտեսական համագործակցությունը նույնիսկ պաշտոնական հաշտության պայմանագրի բացակայության դեպքում։ Նեթանյահուի կարծիքով՝ կողմերը կարող են ստեղծել տնտեսական միջանցք, որն Ասիայից Եվրոպա անցնի Արաբական թերակղզով:
«Նախևառաջ գոյություն ունի տնտեսական միջանցք` էներգետիկ, տրանսպորտային և հաղորդակցային, որն անցնում է մեր աշխարհագրության միջով՝ Ասիայից Արաբական թերակղզու միջով դեպի Եվրոպա։ Մենք դա կիրականացնենք: Ինձ թվում է, որ մենք կարող ենք դա իրականացնել՝ անկախ այն բանից՝ ունենք արդյոք պաշտոնական հաշտության պայմանագիր, թե ոչ»,- ընդգծել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն