DETQ

Չինաստանը կարևորում է Իրանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջիկա հանդիպմանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։

Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է չինացի գործընկերոջը Չինաստանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների դինամիկան համարել է շատ դրական։

Անդրադառնալով երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները։ Նա միևնույն ժամանակ Իրանին անվանել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր մասնակից և կարևորել Թեհրանի մասնակցությունը նախաձեռնության առաջիկա հանդիպմանը։

Չինաստանի ԱԳ նախարարը նաև գոհունակություն է հայտնել Ամիր Աբդոլլահիանի՝ Սաուդյան Արաբիա այցի և Թեհրանի ու Էր-Ռիադի միջև հարաբերությունների վերականգնման կապակցությամբ։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը դինամիկ կերպով զարգացնում են երկկողմ համագործակցությունը։ Այդ փոխգործակցության արդյունքում Իրանը վերջերս պաշտոնապես անդամակցեց Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը երկրին թույլ կտա զգալիորեն մեղմել արևմտյան պատժամիջոցների բեռը։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն