Ադրբեջանը մարտահրավեր է նետում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին. ԱԳ նախարար

Ադրբեջանը մարտահրավեր է նետում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին. ԱԳ նախարար

Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի 120 հազար բնակչությանը։ Նման գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության ու խաղաղության վերահաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց առաջին հերթին ՀՀ-ի ջանքերին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 22-ին Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցին։

«Մանրամասն անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում  իրավիճակի ծայրահեղ բացասական ու անդառնալի հետևանքներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին, դրա շրջանակում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի ու ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք։ Այդուհանդերձ, ի հեճուկս այդ ամենի և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Իհարկե, սա մյուս զարգացումներից անջատ դրսևորում չէ, մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,- ասել է արտգործնախարար Միրզոյանը։

Համատեղ քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարն Արցախում, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի պետական սահմանին գտնվող դիրքերը։ Միրզոյանը նշել է, որ այդ մասին հայտնել է նաև ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը։

«Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, ներառյալ հայ ռազմագերիներին, իր կողմից կալանավորված խաղաղ բնակիչներին վերադարձնելու պարտավորությունը և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ջանքերը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է քաղաքական կամք դրսևորել և իրական քայլեր ձեռնարկել՝ փոխելու Ադրբեջանի ռազմատենչ, անմարդկային, ապակառուցողական պահվածքը։

Ավելացնել նոր մեկնաբանություն