Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կցանկանար ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մաս կազմել. ԱԳ նախարար
Կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ-ն լավ հասկանում է Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի մասշտաբներն ու տեմպերը, ինչպես նաև գիտակցում, որ հնարավոր բանաձևը կօգներ կարգավորել այս իրավիճակը՝ վերջ դնել հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցային օրակարգին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին Երևանում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցին՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը։
«Աշխարհը տեսնում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, և ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կցանկանար մաս կազմել դրան կամ կուզենար նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։ Ինձ համար դժվար է պատկերացնել, որ նման բան կարող է լինել»,- ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը միշտ ողջունել և ինքն է առաջարկել ստեղծել հնարավորություններ չեզոք հանձնաժողովի մուտքի համար, առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ՝ չեզոք կարծիք ներկայացնելու միջազգային հանրությանը, ինչպես նաև ջանքեր գործադրելու՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն