
Ստեփանակերտը հանդիպումների մասին առաջարկներ է փոխանցում, բայց Բաքուն չի պատասխանում. Արցախի ԱԳ նախարար
Ակնայի ճանապարհը բացելու Ադրբեջանի տարբերակն ընդունելի չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում:
«Այն, ինչն Ադրբեջանը վերջնագրի տեսքով ներկայացնում է, մեր հայրենակիցները դրա վերաբերյալ դիրքորոշումը հայտնել են: Բայց այս տարբերակում, երբ ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ, և տեսնում եք, թե մեր հայրենակիցներն ինչպես են արձագանքել նմանատիպ առաջարկին»,- նշել է նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱՀ իշխանությունները կարծես դեմ չեն Ադրբեջանի առաջարկին, նախարարը պատասխանել է, որ իշխանության պարտավորությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկությունները, որոնք գալիս են թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանական կողմից. «Բայց այս առաջարկները պետք է լինեն ողջամիտ»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Բերձորի ճանապարհը, արտգործնախարարն ասել է. «Ցավոք, անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, հենց ադրբեջանական կողմն է խախտում դրանով ստանձնած պարտավորությունները: Որևէ մի քայլ այս ընթացքում չի վկայում այն մասին, որ ադրբեջանական կողմը ստանձնած պարտավորությունները կկատարի»:
Հարցին՝ առաջիկայում Ստեփանակերտի և Բաքվի միջև հանդիպում հնարավո՞ր է, Սերգեյ Ղազարյանն ասել է. «Արցախյան կողմն ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք փորձենք անգամ ամենածանր հարցերին փոխընդունելի լուծումներ գտնել, սակայն ադրբեջանական կողմը խուսափում է դրանից: Պարբերաբար ռուս խաղաղապահների միջոցով մենք առաջարկներ ենք փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն