
ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ․ Խանդանյան
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Նա ասել է, թե ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել» ու դուրս է եկել Հայաստանից․ «ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, իսկ պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ։
«Հայաստանի զինված ուժերի և ընդհանրապես անվտանգային համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն: Այս առումով մենք պետք է բաց լինենք համագործակցելու բոլոր այն երկրների հետ, որոնք կունենան այդպիսի հետաքրքրություններ»,- նշել է Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե անվտանգային համակարգը փոխելու տարբերակ քննարկվո՞ւմ է։
Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։
Օրեր առաջ էլ Վիկտոր Բիյագովն էր հետ կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից, և այդ պաշտոնը թափուր է:
Ավելացնել նոր մեկնաբանություն