Հայկական կողմն է որոշել հետաձգել ՀՀ և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելության թեման․ Լավրով
Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում նախարարների մակարդակով (2021 թվականին) համաձայնեցվել է ՀԱՊԿ առաքելության մանդատն Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ «Ամեն ինչ հավանության արժանացավ, բայց առավոտյան մեր հայ գործընկերները որոշեցին հետաձգել այս թեման»,- այս մասին սեպտեմբերի 10-ին՝ Նյու Դելիում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Մեկնաբանելով լրագրողների հարցը, թե Հայաստանը սպառնացել է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՌԴ ԱԳ նախարարն ասել է․ «Ինչ վերաբերում է նրան, որ սպառնում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, այնտեղ շատ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք։ Դա բոլորովին էլ երեկ չի սկսվել. մենք հիշում ենք, որ երբ պարոն Փաշինյանը դեռևս իշխանությունում չգտնվող քաղաքական գործիչ էր և ոտքի էր հանում հայ ժողովրդին, նրա կարգախոսներից մեկն այն ժամանակ ՀԱՊԿ-ից և նույնիսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարությունն էր։ Շատերը դա պայմանավորում էին պարզապես ընտրարշավով, ձայների համար պայքարով։ Հետագայում պարոն Փաշինյանը նման մտքեր չի արտահայտել, այդ թվում՝ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»։
Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանի՝ վերջին շրջանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելուն։
«Հայ-ամերիկյան զորավարժություններն առավել տարօրինակ են թվում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց՝ բացատրելով, որ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, ապա Հայաստանը կսկսեր աշխատել ՀԱՊԿ-ի հետ։
Իսկ երբ հարցնում ենք, թե ինչու եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք չեն դատապարտում Ադրբեջանին, նրանք ասում են. «Դե, նրանք մեր դաշնակիցները չեն, ուրեմն դուք պետք է դատապարտեք»։ Ահա այսպիսի բավականին տարօրինակ տրամաբանություն։ Բայց ես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, այնուամենայնիվ ազդեցություն կունենան և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն