Submitted by H.Aslanyan on
Թուրք

Ի հեճուկս բոլոր դժվարությունների` չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում, որպես Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը, և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է։

Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։

Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի, անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։

Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։

Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։

Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։

Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու Խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։

Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։

Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։

Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- գրել է նա։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մսրզիչ
Հայ մարզիչ Գոռ Ազիզյանը Բաքվում է
Ալիև
Բաքվի բռնապետը խոսել է հայերի կողմից իրականացված «մշակութային ցեղասպանության» մասին
Գերի
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին
Նուրման
Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն․ Թուրքիայի ԱԺ նախագահ
Վարդան
Երբևիցե գոյություն չունեցած «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում. իրանագետ
Տիգրան
Մի քանի գրոշ աշխատելու մղումն ու Ադրբեջանի պահանջները․ Տիգրան Աբրահամյան
Իրան
Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում
Իրան
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին
Գերի
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի
Հավաք
4 քահանաներ կանչվել են վարժական հավաքների
Շուշի
Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները օկուպացված Շուշիում են
Իսրայել
Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters
Տարածք
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ
Բաքու
Ադրբեջանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն
Դրոշ
ԱՄՆ-ն 60 օրով վերացրեց իրանական նավթի պատժամիջոցները
Ղրիմ
ԱԹՍ-ների հարվածներից հետո Ղրիմը մնացել է առանց բենզինի, լույսի և տրանսպորտի
ՊՆ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում
Գեղամյան
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
Մենք
Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն
Տաթևիկ
Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ. Տաթևիկ Հայրապետյան
Իրան
Պակիստանն ու Կատարը հայտարարել են բանակցությունների հաջորդ քայլերի մասին
Արաղչի
Կատարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի
Նգն
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ին
Սև
Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Բենիամին
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Հարված
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
Իսրայել
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին
Իրան
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են
Ալիև
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
Գեղարդ
Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»