վսա

ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։

«Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»,- ասված է գրառման մեջ։ 

Հայաստանի Երասխ բնակավայրում, որը սահմանակից է Ադրբեջանին, հայ-ամերիկյան ներդրմամբ գործարան է կառուցվում։ Գործարանի կառուցման մեկնարկից ի վեր Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածում, թե այդ գործարանի կառուցումը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին և խնդիրներ է ստեղծելու շրջակա միջավայրի համար։ Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, որ Ադրբեջանի բոլոր պնդումները կեղծ են, իսկ գործարանը կառուցվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 18-ին հրաձգային զենքերից կրակ էին բացել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էին գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ։ Դրանից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է կառուցվող գործարանի ուղղությամբ՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն