
Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. ստորագրվել է հրամանագիր
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 19-ի հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին հրամանագիր է ստորագրել։
Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումն ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրա իրենց գույքով և առաջնորդվելով ԼՂ Սահմանադրության 93-րդ հոդվածով, որոշում է կայացվել՝
- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
Ավելացնել նոր մեկնաբանություն