Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին, հայտնում է «Ազատությունը»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ:
«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - ասաց Կլաարը` հնարավոր նոր ժամկետներ չնշելով:
«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը:
«3+3» ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակում երկու օր առաջ Թեհրանում կայացավ արտգործնախարարների հանդիպում, Կլաարն ասաց, որ թեև այն խնդիրը լուծող չէ, սակայն կարող է օգտակար լինել՝ «հակասություն չկա»:
Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
Ավելացնել նոր մեկնաբանություն