
ԱՄՆ-ի կողմից կա ակնարկ, որ Ադրբեջանի նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել նաև որոշակի պատժամիջոցների․ Տիգրան Աբրահամյան
Եթե Հայաստան-Ադրբեջան բանակցությունները դիտարկենք վերջին երեք տարվա կտրվածքով, ապա ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը որոշակի պարտավորություններ կամ խոստումներ չի կատարում։ Դա բերել է նաև որոշակի կոշտ արձագանքի Միացյալ Նահանգների կողմից։ Դրան ի պատասխան` երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը ոչ միայն արձագանքում էր տարբեր որակումներին, այլ նաև տեղեկացրեց, որ այդ իրավիճակով պայմանավորված՝ նպատակահարմար չեն համարում մասնակցել Վաշինգտոնում իրենց արտգործնախարարի մասնակցությամբ նախատեսված այդ հանդիպմանը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Վաշինգտոնում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելուն։
«Այն, որ Ադրբեջանն այս երեք տարիների ընթացքում անընդհատ վարքագծային փոփոխությունների է գնում, ակնհայտ է։ Ադրբեջանը փորձում է հասնել այն առավելագույնին, ինչի հնարավորությունն այսօր տալիս է Հայաստանի իշխանությունը։ Եվ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կնքվեց ու բավական ծանր որակումների արժանացավ, նույնիսկ այդ ծանր փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանն իջեցրեց նոր պահանջներ»,- ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ կարծես թե այս փուլում դա որոշ խնդիրներ է առաջացրել միջնորդների հեղինակության տեսանկյունից, որոնց ներկայությամբ կամ միջնորդությամբ տարբեր պարտավորություններ են ստանձնել կողմերը․ «Կոնկրետ այդ դեպքում ես դա ընկալում եմ որպես Ադրբեջանի կողմից պարտավորությունների այնպիսի ծավալի չկատարում, որը ԱՄՆ-ն՝ որպես միջնորդ պետություն, համարել է նաև իր հեղինակության ուղղված հարված։ Եվ հետևանքը եղել է այն, որ ԱՄՆ-ն բառապաշարը բավական կոշտացրել է, ընդհուպ ակնարկ կար, որ Ադրբեջանի կողմից նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել նաև որոշակի պատժամիջոցների»։
Ըստ Աբրահամյանի՝ վերջին շրջանում տպավորություն է, որ Ադրբեջանը խուսափում է նաև բանակցային գործընթացում առարկայական քայլերի գնալուց․ «Կարծում եմ՝ Ադրբեջանը սրանով մեկ նպատակ է փորձում հետապնդել․ որոշակի հաշվարկ և ուժերի բալանսի վերագնահատում են այս պահին տեղի ունենում»։
Պատգամավորը նշել է, որ ակնհայտորեն Ադրբեջանն այսօր ունի նաև տարածքային հավակնություններ ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ․ «Վերջին շրջանում բավական ակտիվ խոսում են այսպես կոչված անկլավների՝ 8 գյուղերի նկատմամբ իրենց պահանջների մասին։ Եվ միգուցե Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ մաքսիմալ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմե՞լ ռազմական գործողությունների, թե՞ ոչ։ Եթե գնա պարտավորությունների իրացման ճանապարհով, բնականաբար դա և՛ կաշկանդող է լինելու, և՛ նաև միջազգային տեսանկյունից իր համար խնդիրներ է առաջացնելու»։
Ավելացնել նոր մեկնաբանություն