Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում

Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ./կմ տարածք։ «Sputnik Արմենիա»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառակուսի կմ ինքնիշխան տարածք»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:

Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում․ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ հիմնված երեք համաձայնեցված սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են համապատասխանաբար 29.8 հազար և 86.6 հազար քառ./կմ-ի սահմաններում։

Երկրորդ սկզբունքը՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, 1974-1990 թթ. խորհրդային քարտեզների հիման վրա: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են հետագայում ևս որևէ պահանջ չառաջադրել:

Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ այն երկրների ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության շրջանակում, որոնցով դրանք անցնում են:

Ավելացնել նոր մեկնաբանություն