Ինչո՞ւ բանակում չեն կիրառում զարգացած երկրների մոդելները․ Փաշինյանի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերի հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ միջազգային փորձն ուսումնասիրելով։ Այս մասին նոյեմբերի 24-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ բանակում չեն կիրառում զարգացած երկրների մոդելները։

«Մենք վերջերս ներդրել ենք նաև 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը, եթե այդպես արտահայտվենք, ինչ-որ առումով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, երբ որ, ըստ էության, մեր պահեստազորը, մարդիկ, որոնք զինվորական ծառայության մեջ չեն, բայց իրենք պահեստազորի մեջ են, այսինքն` երկրի զինվորական մոբիլիզացիոն ռեսուրսի, նրանք ժամանակ առ ժամանակ 24-օրյա վարժական հավաքներին մասնակցեն, որպեսզի տիրապետեն զինվորական որոշակի նվազագույն հմտությունների: Մենք հիմա ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացնում ենք զինվորականների աշխատավարձը, որպեսզի մեր զինվորականներն անցնեն այդ ճանապարհը։

Այստեղ էլ խնդիր կա, ասում են՝ ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չեք բարձրացնում, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, իրենց ուսերին կարող են կրել այդ բեռը։ Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ։ Մենք ուզում ենք, որ դրանում հանրությունն էլ վստահ լինի, որ եթե պետությունը վստահել է ինչ-որ մեկին պահպանել երկրի անվտանգությունը, այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը։ Մեր դառը փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ զինվորականի գործը չգիտեն։ Սրանով մենք ընդգծում ենք այն զինվորականների արժեքը և առանձնահատուկ գնահատանք ենք տալիս նրանց, որոնք և՛ բարոյական, և՛ ֆիզիկական, և՛ ինտելեկտուալ կարողություններ ունեն»,- նշել է Փաշինյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն