
Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ. Փաշինյան
Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը տրամաբանական չէ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել ու հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում` Ադրբեջանի հետ աշխատելու, որ գերիները վերադառնան. բանակցությունները մի ճանապարհն են: Մենք նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել գերիների հետ` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս՝ անդրադառնալով այն հարցին, թե Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ։
Երկրորդ ուղղությունը, ըստ Փաշինյանի, իրավական մոտեցումներն են. ՄԻԵԴ և հնարավոր իրավական ատյաններ են դիմում, մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունեն, և, իհարկե, ուղղություններից մեկն էլ միջազգային արձագանքն է, միջազգային հանրության ուշադրությունը:
«Այդ աշխատանքը բավարար չի կարող լինել, քանի դեռ մեր եղբայրները չեն վերադարձել, ես էլ գոհ չեմ, որ մինչ այս պահը չենք կարողանում արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի, ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներից և իրենցից էլ: Հիշեցնեմ, որ 2020-ից ի վեր հարյուրից ավելի գերիներ են վերադարձել»,- ասել է վարչապետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն