
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից. Սիրանուշ Սահակյան. Hetq.am
Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, քանի որ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշել է իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ կարծիք հայտնելով, որ դա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում:
«Ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին։ Մենք նաև բազմատեսակ տեղեկություններ ենք ստանում, որ բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծթե թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը։ Նրանք հատկապես թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը։ Իհարկե, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված։ Պարզապես նշեմ, որ եվրոպական դատարանում մեր դիրքերը ավելի ապահով են, քանի որ ՄԻԵԴ-ում իրավական գործընթացները դիվերսիֆկացված են, և միջպետական գանգատներին զուգահեռ կան անհատական գործեր, և հարյուրավոր գանգատներ ներկայացվել են հենց զոհերի իրավահաջորդների կողմից։ Եվ իհարկե, այստեղ միջպետական գանգատից հրաժարվելը կենսական շահեր կվնասի, սակայն մենք այդ բացը կարող ենք լրացնել անհատական գանգատների միջոցով, իսկ ՄԱԿ-ի դատարանը, ցավոք, անհատական գործելակերպի հնարավորություն չի տալիս, և միակ դիմող կողմը կարող է լինել պետությունը։ Այստեղ շատ վտանգավոր գործընթացներ կարող են լինել, եթե Հայաստանի իշխանությունները ենթարկվեն ճնշումների և որոշեն, որ կարող են հրաժարվել նման լուրջ հարցադրումների առնչվող իրավական գործընթացներից»,- ասել է իրավապաշտպանը:
Անդրադառնալով այն հարցին, թե, օրինակ, ի՞նչ վտանգավոր գործընթացներ կարող են տեղի ունենալ, Սիրանուշ Սահակյանը նշել է. «Մենք քաղաքական տեսանկյունից շատ վատ դրության մեջ ենք, և հակապետական մոտեցումներ են իրացվում։ Այս բալանսը վերականգնելու միակ հնարավորությունն իրավական ատյաններն են։ Արցախի հիմնախնդրի տեսանկյունից բեկումնային նշանակություն կարող է ունենալ ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականության վերաբերյալ, և այն նախ կարող է ապալեգիտիմացնել արդեն իսկ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, և մյուս կողմից վերահաստատել հայերի իրավունքները, այդ թվում՝ իրենց պատմական հողերի նկատմամբ, ինչը երկարաժամկետ հեռանկարում այս իրավունքի իրացման համար պայքարելու նախադրյալներ կստեղծի։ Այսինքն՝ մենք կունենանք իրավական հիմքերը, և եթե երկիրը բերենք մի մակարդակի, որը կունենա ռազմական և տնտեսական հզորություն, գոնե հաջորդ սերունդների համար սա կարող է մի օր լուծելի խնդիր լինել։ Բայց եթե այս իրավական գործընթացները կասեցվեն և քաղաքական հարթակներում հակահայկական դիրքորոշումներ իրացվեն, մենք արհեստականորեն կփակենք Արցախի պատմական էջը»,- ասել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն