«Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը խիստ վտանգավոր է․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը, որը վերջերս տարածվում է վարչապետ Փաշինյանի և մի խումբ համախոհների կողմից, խիստ վտանգավոր օրակարգ է, որովհետև՝
1. Արհեստականորեն հակադրության մեջ է դնում ազգային շահն ու պետական շահը, այնինչ իրականում դրանք փոխլրացնող են, իսկ պետությունն ազգի առանցքն ու միջնաբերդն է.
2. Խուսափում է պետության ազգային պատասխանատվությունից թե՛ Սփյուռքում գտնվող ազգի շուրջ 75%-ի և թե՛ պետության ֆորմալ սահմաններից դուրս գտնվող հայրենիքի (Արցախի) հանդեպ.
3. Հրաժարվում է պետության ու հայրենիքի հանդեպ ազգի շուրջ 75%-ի պատասխանատվությունից, ռեսուրսներից ու իրավունքներից.
4. Ոչնչացնում է ազգային ինքնության հիմքում եղած գաղափարախոսական սկզբունքներն ու խորհրդանիշները.
5. Կտրուկ թուլացնում է ազգի և նույնիսկ ժողովրդի դիմադրողականության մակարդակը և համախմբման հնարավորությունները.
6. Եվ, այդքանով հանդերձ, չի ապահովում որևէ դրական արդյունք, այդ թվում՝ նույնիսկ առերևույթ կերպով չի երաշխավորում ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը թուրք-ադրբեջանական ֆաշիստական ոտնձգություններից, որի կեղծ հեռանկարը քաղաքացիական պետության հայեցակարգի հիմնական փաստարկն է:
Այսինքն՝ պետությունից դուրս ազգի 75%-ն ունեցող, համակարգային ու գաղափարախոսական թշնամանք տածող երկու հարևանի դիմակայող և բազմաթիվ այլ սպառնալիքների ու մարտահրավերների առերեսվող պետությունը չի կարող հրաժարվել ազգային պետության հայեցակարգից, այլապես ազգից կվերածվի ոչ թե ժողովրդի, այլ քոչվորական ցեղախմբի: Ի դեպ, այս եզրահանգումս ամենևին չի նշանակում, որ առ այսօր մեր ազգային պետությունը բավարար չափով արդյունավետ էր, սակայն դրա պատճառները ոչ թե ազգային պետության մոտեցման մեջ են եղել, այլ որակյալ ռազմավարությունների բացակայության և հատկապես գործնական ու արդյունավետ կառավարման դաշտում: Ուստի պետք է ոչ թե հրաժարվել ազգային պետությունից, այլ իրապես կառուցել այդպիսին՝ կուռ գաղափարախոսությամբ, արդյունավետ կառավարմամբ, պետություն-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ մոդելով, ազգային էլիտայով, բարձր կարգապահությամբ, հետևողականությամբ և մի շարք այլ որակներով:
Հուսամ՝ կհասցնեմ առաջիկայում այս և ազգային ու պետական մի շարք այլ հարցերի շուրջ հանդես գալ ավելի մանրամասն հոդվածաշարով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն