Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բանակի կերպափոխման հայեցակարգը շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև արդեն 4 տարի է, ինչ բավականին ակտիվ խոսակցություններ կան ինչպես հանրության շրջանում, այնպես էլ պետական կառույցներում, որ բանակում պետք է բարեփոխումներ իրականացնել։ Առաջին անգամ տեսնում ենք ֆորմալ մի փաստաթուղթ, որը, գոնե, ինչ-որ կերպ սահմանում է այդ բարեփոխումների շարժման ուղղությունները, և շատ կարևոր է, որ հայեցակարգը գործնական կիրառություն ստանա:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՐԻ Արմենիա (Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը՝ խոսելով ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի մասին, որը վերջերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

-Պարոն Ներսիսյան, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հրապարակել է բանակի կերպափոխման, վերափոխման վերաբերյալ հայեցակարգը։ Վստահաբար, Դուք՝ որպես վերլուծաբան, արդեն իսկ ուսումնասիրել եք դրա բովանդակությունը:  Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք հայեցակարգը և դրա կարևորությունն ու նշանակությունը: 

-Շատ կարևոր փաստաթուղթ է, և զարմանալի է, որ այդքան էլ մեծ արձագանք չստացավ Հայաստանում, ու դրա շուրջ քննարկումը դեռ շատ սահմանափակ է: Այն հայեցակարգ է, որը 10, 11 տարվա համար է և 2024 թվականից մինչև 2035 թվականը պետք է կատարվի։ Ինչո՞վ է այն կարևոր, որովհետև արդեն 4 տարի է, ինչ բավականին ակտիվ խոսակցություններ կան ինչպես հանրության շրջանում, այնպես էլ պետական կառույցներում, որ բանակում բարեփոխումներ է պետք անել։ Ինչ-ինչ բարեփոխումներ ընթանում են, բայց մենք առաջին անգամ տեսնում ենք ֆորմալ փաստաթուղթ, որը, գոնե, ինչ-որ կերպ սահմանում է ուղղությունները՝ դեպի ուր պետք է այդ բարեփոխումները շարժվեն։ Միևնույն ժամանակ, պետք է նաև նշել, որ սրանք բավականին բարձր մակարդակի կետեր են, և դետալների մեջ շատ չի մտնում այս փաստաթուղթը։ Ես կասեի, որ մոտավորապես 70 տոկոսով այն ավելի շատ այն խնդիրներն է վերլուծության ենթարկում, որոնք կան այս պահին, քան առաջարկում, թե կոնկրետ ինչպես պետք է այդ փոփոխությունները կատարվեն: Ասվում է, որ, օրինակ, բանակի հեղինակությունը պետք է բարձրանա, բայց կոնկրետ քայլերը, թե դա ինչ ձևով պետք է արվի, շատ սահմանափակ է, որովհետև սա կոնցեպցիա է, ոչ թե դոկտրին կամ ավելի դետալային փաստաթուղթ։ Եթե մենք խոսենք մյուս քայլի մասին, ապա պետք է գրվեն շատ ավելի դետալային փաստաթղթեր, որոնց մի մասն, իմ կարծիքով, չեն հրապարակվի, ու այդ փաստաթղթերից ամեն մեկն արդեն կարող է լինել 100, 200, 300 և ավելի էջ: Շատ կարևոր է, որ այս հայեցակարգը շարժվի դեպի իմպլեմենտացիա: 

Մտահոգություններից կարելի է նշել այն, որ ժամանակն է մեզ համար շատ կարևոր, շատ արագ է պետք աշխատել։ Օրինակ, այս կոնցեպցիայի հարցում մտահոգություններից առաջինն այն է, որ բավականին երկար ժամանակ տևեց այս փաստաթղթի գրելը և հրապարակումը, իսկ ինձ թվում է, որ նման փաստաթղթերը 2-3 ամսում կարող են պատրաստվել, որովհետև դրանք մանր լուծումներ չեն պարունակում։ Շատ կարևոր է այդ աշխատանքի արագությունը բարձրացնելը, և կարծում եմ, որ այդ ժամանակ մենք կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել, որովհետև այս պահին շատ են փոփոխվում պատերազմի ձևերը, տեխնոլոգիան, և այն մոտեցումը, որ կարելի է ինչ-որ մի մեծ փաստաթուղթ գրել և 10 տարի մոռանալ այդ գործընթացի մասին, այլևս չի աշխատում: Հիմա այդ ամենը շատ դինամիկ է և, փաստաթղթի մեջ էլ է նշվում, որ պետք է աշխատել դոկտրինները դարձնել այնպիսի աշխատանքային փաստաթղթեր, որոնք ամեն տարի փոփոխվում են: Դա, ինձ թվում է, շատ ճիշտ մոտեցում է, որովհետև մենք կարող ենք հիշել 2007 թվականի մեր պաշտպանական դոկտրինը, որը 2007 թվականին գրվեց ու մինչև հիմա ֆորմալ առումով դա էլ գործում է։ Եվ դա որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որն աշխարհում, տարածաշրջանում, ռազմարվեստում տիրում է հիմա։ Պետք չէ կրկնել նույն սխալը:  

-Հայեցակարգում խոսվում է նաև արհեստավարժ բանակի անցնելու մասին. ի՞նչ է սա իրենից ենթադրում: 

-Հենց փաստաթղթի մեջ էլ է դա նշվում, ու շատ հաճախ պետք է կրկնել, որ արհեստավարժ բանակը չի նշանակում, որ դուք ունենաք միայն պայմանագրային զինծառայողներ։ Մի շատ լավ օրինակ կա, որ մեր պայմանագրային զինծառայողները 2020 թվականին շատ ավելի վատ որակ ունեին ու շատ ավելի քիչ պատրաստություն, քան ժամկետայինները, որոնք այդ ժամանակ բանակում էին: Դա ցույց է տալիս, որ քիչ է, օրինակ, ունենալ միայն 20 հազար պայմանագրային զինծառայող, նաև պետք է նրանց պատրաստել լրիվ այլ ձևով։ Նրանց պատրաստությունը պետք է շատ ավելի բարձր լինի, քան ժամկետային զինծառայողներինը: Հայեցակարգում ունենք ոչ շատ դետալային պլաններ։ Օրինակ, նշվում է  մինչև 2027 թվականը ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին, բայց չի նշվում, թե ինչքան։ Դա շատ կարևոր է, որովհետև ինչքան շատ այդ ժամկետն իջնի, այնքան ավելի շատ պետք է պայմանագրային զինծառայող ավելանա բանակում: Եթե նայում ենք դեմոգրաֆիայի տվյալները, ստացվում է, որ, օրինակ, եթե մեկ տարով կրճատեն՝ ժամկետային ծառայությունը դարձնելով մեկ տարի, մեր բանակը պետք է կարողանա ձեռք բերել հավելյալ մոտավորապես 12,5 հազար մարդ, որը, կարծում եմ, շատ ամբիցիոզ թիվ է 3 տարվա համար: Լավ իմաստով շատ կզարմանամ, եթե դա այդ ժամանակաշրջանում հաջողվի անել, բայց քանի որ չի նշվում, թե ինչքանով պետք է կրճատվի, ապա խոսքը կարող է շատ ավելի կոնսերվատիվ թվերի մասին լինել՝ 2 ամսով, կես տարով: Եթե կես տարով կրճատեն, ուրեմն մոտավորապես 6.5 հազար նոր զինծառայող պետք է գտնեն։ Եթե այդ մոտեցումն իրականացվի, պետք է նաև շատ աշխատել բանակի հեղինակության վրա: Դրա մասին էլ փաստաթղթի մեջ կա, բայց այդ հեղինակության վրա աշխատելն այդքան հասարակ աշխատանք չէ: Դրա համար քիչ է միայն հեռուստացույցով ասելը, որ Հայաստանի բանակում ծառայելը լավ ճանապարհ է: Դա էլ է պետք, պետք են տարբեր հաղորդումներ՝ հետաքրքիր, ինտերակտիվ, բայց հենց ծառայությունն էլ պետք է դառնա հետաքրքիր աշխատանք մարդու համար։ Այն պետք է ինչպես  բավականին լավ վճարվող, այնպես էլ հետաքրքիր լինի այն իմաստով, որ այնտեղ ինչ-որ նոր բան կարելի է սովորել, և դա չլինի շատ հասարակ, գոնե, այն մարդկանց համար, ովքեր կրթություն ունեն և ընդունակ են կրթություն ստանալու կամ ուզում են ստանալ: Դա պետք է հնարավորություններ տա, որ դրանք չլինեն պարզապես կորած տարիներ կամ բանակը չլինի միայն գումար ստանալու տեղ: Նրանց ընտանիքներին ինչ-որ հնարավորություններ և երաշխիքներ պետք է տրվեն: Օրինակ, Միացյալ Նահանգներում, եթե դուք 5 տարվա պայմանագիր եք կնքում բանակի հեռ, դուք ստանում եք հնարավորություն անվճար սովորել այն համալսարանում, որտեղ  կընդունվեք։ Պետությունն այդ գումարը տալիս է, իսկ ԱՄՆ-ում դա կարող է կազմել, օրինակ, 4 տարվա մեջ 200 հազար դոլար: Այն ընտանիքների երեխաների համար, որոնց դեպքում թանկ կրթությունը կարող է անհասանելի լինել, բանակը կարող է նաև դառնալ ճանապարհ դեպի ավելի բարձր սոցիալական վիճակ՝ մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Կամ, օրինակ, Իսրայելում կա մեկ այլ ծրագիր. բանակը մի շարք քաղաքացիական կրթության ծրագրեր է ֆինանսավորում նրանց համար, ովքեր ուզում են սովորելուց հետո բանակում նաև 5 տարի աշխատել, և ընդունվելու ժամանակ մարդը պայմանավորվում է բանակի հետ, վերջինս էլ վճարում է ինչպես սովորելու վարձն, այնպես էլ ծառայության ժամանակ աշխատավարձի չափ բարձր կրթաթոշակ է տալիս: Այսպիսով, մարդը կարիերայի ճանապարհ է ստանում, և այդ 5 տարուց հետո նա կարող է, օրինակ, շատ լավ ինժեներ դառնալ: Պետական գումարով, փաստորեն, պետությունը կարող է ստանալ ինչպես 5 տարվա պատրաստվածություն ունեցող զինծառայող՝ շատ պատրաստված ու մոտիվացված, այնպես էլ այդ 5 տարուց հետո ստանալ բարձրակարգ աշխատող, որը ստանալու է բարձր աշխատավարձ, երկիրն առաջ է տանելու և վճարելու է մեծ հարկեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին