Պուտինի` Հայաստան այցից առաջ Կրեմլը ցանկանում է երաշխիքներ ստանալ Երևանից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանը պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից՝ Միջազգային քրեական դատարանի ստատուտին միանալու հետ կապված։ «Այդ հարցը պետք է լուծել»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխողության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել պատերազմական հանցագործությունների կատարմանը առնչություն ունենալու մեղադրանքով, մասնավորապես, Ուկրաինայից երեխաներ են ապօրինաբար տարել Ռուսաստան։
Ավելացնել նոր մեկնաբանություն