Փաշինյանը միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերը. Ստեփան Հասան-Ջալալյան
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «2024թ. փետրվարի 11-ին՝ բրիտանական The Telegraph թերթին տված հարցարույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է հետևյալը.
• «…Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն (հռչակագիրը ստորագրած միութենական հանրապետությունները – Ս. Հ.-Ջ.) ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են»:
Մեջբերվածի առնչությամբ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հարկ է նշել հետևյալը.
ԽՍՀՄ 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, մասնավորաբար, արձանագրել են. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինն ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Այսպիսով, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
• «Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:»:
Մեջբերվածից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի կարգավորման ընթացքում միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերը: Փաստորեն, նման կերպ նա ցանկանում է հիշյալ հարցին տալ քաղաքական լուծում:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմնի կողմից ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այսինքն՝ նաև Խորհրդային Ադրբեջանի սահմաններից և իրեն հռչակել է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, ապա դա նշանակում է, որ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցը ցանկանում է կարգավորել ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական ճանապարհով:
Մինչդեռ նման հարցի քիչ թե շատ երաշխավորված լուծմանը կարելի է հասնել ոչ թե քաղաքական, այլ՝ իրավական ճանապարհով: Քանզի քաղաքական ճանապարհը չի կարող երաշխավորել տվյալ հարցի շուտափույթ, արդար և տևական կարգավորում: Հարցի քաղաքական լուծման պարագայում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն ապագայում ավելի շատ է ունենալու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորություններ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն