
Արցախի հարցը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Արցախի ԱԺ փոխնախագահ
Երբ նայում ենք մեր ժողովրդի պատմությանը, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների մի շղթա է. ցավոք սրտի, Արցախյան ազգային-ազատագրական պայքարը ևս այդպիսի ընթացք ունեցավ: «News.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։
«Բազմաթիվ գործոնների ազդեցության տակ մենք չկարողացանք մեր ունեցածը պահել, պաշտպանել: Ընդհանուր առմամբ, պատմությունը ոչ միայն դաս է, այլև պատիժ բոլոր նրանց համար, ովքեր պատմության դասերը հաշվի չեն առնում: Ցավոք սրտի, մենք մեր անցած դասերը հաշվի չառանք, չկարողացանք պահպանել մեր պետականությունը:
Արցախի, մեր պատմության էջը դեռ փակված չէ, ամեն սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման համար։ Ճիշտ է, այսօր մենք հուսախաբված, կոտրված վիճակում ենք, բայց պետք է եղած հնարավորություններն օգտագործել և հզորացնել Հայաստանը, այդ ամենի համատեքստում էլ փորձել հետագա մեր պայքարը շարունակել, մեր պատմական հայրենիքի մի հատվածը ազատագրել»,- նշել է նա:
Ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի՝ Արցախի հարցը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. «Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել: Մենք խորհրդային ժամանակաշրջանում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և այն որոշակի կարգավիճակ է ունցել Խորհրդային Միության կազմում, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է ունեցել: Ավելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նաև Սահմանադրություն, որտեղ գրված է, որ պաշտոնական, պետական լեզուն հայերենն է: Իրավական տեսանկյունից որևէ խնդիր չկա, այսօր խոսել, որ պետք է Ադրբեջանի տարածքում լինի ինքնորոշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է»,- շեշտել է Բալայանը։
Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:
Ավելացնել նոր մեկնաբանություն