դետք

Իրանը պահանջում է ողջ աշխարհում վերացնել միջուկային զենքի պաշարները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Թեհրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները, քանի որ այն մեծագույն վտանգ է ներկայացնում մարդկության համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Իրանը պահանջում է ոչնչացնել ամբողջ միջուկային զենքը, որն ամենամեծ ձեռակերտ սպառնալիքն է մարդկության համար: Միջուկային զենքի լիակատար վերացումը միակ գործուն և հուսալի միջոցն է` կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը»,- ասել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Իրանը, «դառնալով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ամենամեծ զոհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով, ընդգծում է, որ ԶՈԶ-ի` ներառյալ միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա լիակատար, անդառնալի և ստուգման ենթակա ոչնչացումն է»:

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը հաստատակամորեն համոզված է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամբողջականությունն ու գործունեությունը կախված են դրանում բովանդակվող բոլոր պարտավորությունների` ներառյալ 6-րդ հոդվածի լիարժեք կատարումից, որի համաձայն` միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ և արդյունքի միտված ապամիջուկայնացման շուրջ: Ըստ նրա` եթե Զինաթափման խորհրդաժողովի անդամ բոլոր պետությունները, հատկապես միջուկային տերությունները, դրսևորեն քաղաքական կամք և կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, կհաջողվի դուրս գալ փակուղուց։

#Դետքի_հետագծով

Չնայած Իրանի բազմաթիվ հերքումներին` միջազգային դերակատարները պնդում են, որ Իրանը արգելված միջուկային զինատեսակներ է կիրառում։ Այս համատեքստում պաշտոնական Թեհրանը պահանջում է, որ բոլոր երկրները վերացնեն իրենց միջուկային պաշարները, ինչը կնպաստի համաշխարհային խաղաղության հաստատմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն