013

44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքում՝ անվտանգային խնդիրները լուծելու․ Արմեն Խաչատրյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։

«Երևի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծի։ Իրավիճակով պայմանավորված, այո, այդպես է եղել։ Բայց հիմա քննություն է իրականացվում, որպեսզի այդ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ»,- նշեց Խաչատրյանը։

Ճշգրտող հարցին՝ ՌԴ սահմանապահ զորքերը իրավական որևէ հիմք չե՞ն ունեցել, Խաչատրյանը պատասխանեց. «2021 թվականին իրավիճակով պայմանավորված՝ տեղակայվել են այնտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար»։ Ապա հավելեց, որ իրավական հիմքի վերաբերյալ քննությամբ պատասխան կստանան։

Նրա խոսքով՝ քննությունը տեղի է ունենում Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ՝ այդ բոլոր իրավական խնդիրները լուծելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն