Թուրքիային վաճառվող «F-16»-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «F-16»-երի օգտագործումը 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումներում, հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Սենատորը կոչ է արել ընդունել բանաձևը՝ Թուրքիայի կառավարությանը «F-16»-երի և պաշտպանական այլ ապրանքների վաճառքի համար Կոնգրեսի անհամաձայնության վերաբերյալ:
Թուրքիային «F-16»-ի վաճառքն արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում Փոլը հիշեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարության պնդումը, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին թուրքական «F-16»-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական «ՍՈՒ-25» ինքնաթիռ։
«Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր դաշնակից Ադրբեջանի կողքին տարածաշրջանն իրեն հպատակեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում և, եթե հավատալու լինենք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները՝ «F-16»-երը, որ տալիս ենք թուրքերին, փաստացի օգտագործվում են Հայաստանի հետ մեկ այլ պատերազմում»,- ասել է նա՝ հավելելով, որ 2020 թ․ պատերազմում և 2023 թ․ Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, ստեղծվել է հումանիտար աղետ՝ ստիպելով ավելի քան 100 հազար մարդու տեղահանվել:
Սենատոր Փոլի բանաձևը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից: Բանաձևը, սակայն, ընդունվելու համար բավարար ձայներ չի ստացել:
Ավելացնել նոր մեկնաբանություն