DETQ

Իրանը նախազգուշացրել է պաղեստինցի հավատացյալների դեմ Իսրայելի հարձակումների հավանականության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զգուշացրել է, որ սրբազան Ռամադան ամսվա ընթացքում Երուսաղեմում և Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցի աղոթարարների նկատմամբ սիոնիստական ռեժիմը կարող է հարձակումներ գործել։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իսլամական  երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում Ռայիսին նշել է, որ Գազայի ցեղասպանությունն ու պատերազմն այսօր իսլամական աշխարհի ամենալուրջ խնդիրներն են։ Նրա խոսքով՝ ոճրագործ Իսրայելի ռեժիմի նպատակներից մեկը պաղեստինյան ինքնությունը և քաղաքակրթությունը ոչնչացնելն է և Գազայի ու Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչ պաղեստինցիներին հարևան երկրներ բռնագաղթի ենթարկելը։

Իրանի նախագահը շեշտել է՝ պաղեստինցիների ինքնությունը ոչնչացնելու քաղաքականությունն Իսրայելն առաջ է տանում ԱՄՆ-ի աջակցությամբ։ Նրա խոսքով՝ Գազայում ցեղասպանությունը կանխելու պատասխանատվությունը կրում են միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Միջազգային քրեական դատարանը։

«Այս զգայուն իրավիճակում և Ռամադան սուրբ ամսվա ընթացքում Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է ցեղասպանությունը կանխելու և սիոնիստ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օրերս իսրայելցի զինվորները փակել են Ալ-Աքսա մզկիթի ճանապարհը և պաղեստինցիներին թույլ չեն տվել մտնել մզկիթ աղոթելու համար։ 

Իսլամական դիմադրության շարժումը զգուշացրել է Իսրայելին աղոթարարների մուտքը մզկիթ արգելելու կապակցությամբ` հայտարարելով, որ պաղեստինցիները չեն լռելու օկուպանտ ռեժիմի գործողությունների դիմաց։

#Դետքի_հետագծով

Նովրուզը՝ իրանական ամանորը, Իրանի Իսլամական Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է, որի ժամանակ հազարավոր պաղեստինցիներ աղոթքի են մեկնում Երուսաղեմ։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում Իսրայելը հարձակում էր գործել այնտեղ աղոթող պաղեստինցիների վրա, որն էլ հոկտեմբերին Գազայում հակամարտության մեկնարկի պատճառներից մեկը դարձավ։

Ավելացնել նոր մեկնաբանություն