ԱՄՆ-ն զգուշացնում է, որ հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ չլինեն․ Միլլեր
Միացյալ Նահանգները զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չլինեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շաբաթվա վերջում տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ չնայած այդ հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ և հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան»,- հիշեցրել է Միլլերն՝ ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական զինված ուժերն իբր տեղաշարժեր են իրականացնում և զինտեխնիկա են կուտակում սահմանին։
Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։
«Եվ ինչպես դուք բազմիցս լսել եք ինձ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,- եզրափակել է խոսնակն՝ ընդգծելով, որ իրավիճակի սրումը չի բխում ո′չ Հայաստանի, ո′չ էլ Ադրբեջանի շահերից։
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հայտարարությունները հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր են իրականացնում սահմանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն