Իսրայելը կրճատում է զորքերը Գազայի հարավում

Իսրայելը կրճատում է զորքերը Գազայի հարավում

Իսրայելի բանակը Գազայի հատվածի հարավից դուրս է բերել ցամաքային բոլոր զորքերը` բացառությամբ մեկ բրիգադի, ըստ «Reuters»-ի ու BBC-ի՝ կիրակի հաղորդել է բանակի ներկայացուցիչը։

Զինվորականներն այլ մանրամասներ չեն հայտնել: Իսրայելական բրիգադը սովորաբար բաղկացած է մի քանի հազար զինվորից:

Անհասկանալի է, թե արդյոք դուրսբերումը կհետաձգի Գազայի հարավում գտնվող Ռաֆահին արդեն երկար ժամանակ սպառնացող ներխուժումը, որը, իսրայելցի առաջնորդների կարծիքով, անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի վերացման համար, և որի դեմ հանդես են գալիս մի շարք երկրներ։

ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում և ԵՄ-ում։

Ռաֆահը դարձել է Եգիպտոսի հետ սահմանին մոտ գտնվող տարածքում ապաստանած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիների վերջին ապաստանը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության, որը ենթարկվում է ծայրահեղական ՀԱՄԱՍ-ին, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 33.100 պաղեստինցի։

Ավելացնել նոր մեկնաբանություն