Մեդվեդևը սպառնում է միջուկային հարված հասցնել եվրոպական մայրաքաղաքներին Ուկրաինա զորքեր ուղարկելուց հետո
Ռուսաստանը միջուկային հարվածով կպատասխանի Լոնդոնին, Փարիզին և Վաշինգտոնին, եթե արևմտյան զորքերը ուղարկվեն Ուկրաինա, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցիալական ցանցերի իր սովորական հայտարարություններից մեկում։
«Իրենց զորքերը Ուկրաինայի տարածք ուղարկելը կմղի հենց այդ երկրներին մտնել ուղիղ պատերազմական գործողությունների մեջ, որին մենք ստիպված կլինենք պատասխանել։ Եվ, ցավոք, ոչ Ուկրաինայի տարածքում։ Համաշխարհային աղետ կստեղծվի»,- երկուշաբթի՝ մայիսի 6-ին, գրել է Մեդվեդևը «Տելեգրամում»։
Նա սպառնացել է, որ արևմտյան վերնախավերը չեն կարողանա թաքնվել Ռուսաստանի արձագանքից՝ լինի Կապիտոլիումի բլրի վրա, Ելիսեյան պալատում թե Դաունինգ սթրիթում:
«Դա, ի դեպ, Քենեդին ու Խրուշչովը գիտակցել են ավելի քան 60 տարի առաջ։ Բայց Արևմուտքում իշխանության եկած այսօրվա մանկամիտ հիմարները չեն ցանկանում դա գիտակցել»,- հավելել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ այսօր ՌԴ գլխավոր շտաբը սկսել է նախապատրաստվել ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ինչպես այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Որոշումը հետևում է ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր միջուկային հռետորաբանության շարունակականությանը և ուժեղացմանը, երբ Պուտինը փետրվարին նախազգուշացրեց միջուկային պատերազմ սանձազերծելու «իրական» ռիսկի մասին:
Ուկրաինայի հետ պատերազմի առաջին օրերին Պուտինը հայտարարեց ռուսական միջուկային ուժերի՝ մարտական պատրաստության «հատուկ ռեժիմի» անցնելու մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն