Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը. ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան
Դեռ փետրվար ամսին «Դետք»-ն անդրադարձել էր այն խնդրին, որ Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը: Ըստ ադրբեջանական մամուլի` տվյալ տեղեկությունը պետք է հրապարակվի այս տարի նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսին` «COP29»-ին: Նշվում է, որ այդ քարտեզը պարունակելու է նաև բնապահպանական տեղեկություններ, օրինակ՝ թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով, և որտեղ են թափվում այդ թափոնները:
Մեր վերլուծություններում և հարցազրույցներում ներկայացրել էինք, թե ինչ առնչություն կա այդ կոնֆերանսի ու վերոնշյալ քարտեզների միջև, և, ի վերջո, ինչ մարտահրավերներ կարող են ստեղծվել Հայաստանի համար:
Նույն խնդրով նաև գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն` խնդրելով մանրամասնել.
1. Ի՞նչ տվյալներ կարող է ձեռք բերել Ադրբեջանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և էկոլոգիական խնդիրների վերաբերյալ:
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հետևո՞ւմ է արդյոք այս գործընթացներին:
3. Ի՞նչ մարտահրավերներ է տեսնում ՀՀ կառավարությունը Ադրբեջանի այս գործողություններում և պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան:
Հարցման պատասխանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հնարավոր եղավ ստանալ միայն ամիսներ տևած հեռախոսազանգերից և նամակագրությունից հետո, ավելին` տպագրական 2 էջ տեքստում չկա մեր հարցերից որևէ մեկի պատասխանը:
Կից հրապարակում ենք հարցման պատասխանը:
Հաշվի առնելով, սակայն, որ թեման բավական կարևոր է և հեղինակավոր միջազգային կոնֆերանսին ընդառաջ վստահաբար քննարկվելու է նաև ապագայում, «Դետք»-ը հետամուտ է լինելու խնդրի լուսաբանմանը և ներկայացնելու է իր ընթերցողներին:
Ավելացնել նոր մեկնաբանություն