Խարկովի մարզում այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկելի է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խարկովի մարզ զինված ուժերի հրամանատարության հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, ինչպես նաև Խարկովի մարզում գործող երկու բանակային խմբավորումների հրամանատարները։ Զելենսկին իր խոսքում պնդել է, որ Խարկովի մարզում այս պահին իրավիճակը վերահսկելի է։
«Այսօրվա դրությամբ իրադրությունը Խարկովի մարզում վերահսկելի է, և մեր զինծառայողները լուրջ կորուստներ են պատճառում թշնամուն»,- հայտարարել է նա։
Ռազմական գործողությունները լուսաբանող ուկրաինական աղբյուրները պնդում են, որ ռուսական ուժերի առաջխաղացումը Խարկովի մարզում շարունակվում է։ Որոշ տեղեկություններով՝ ռուսական ուժերին հաջողվել է գրավել Վոլչանսկի քաղաքային հիվանդանոցը՝ ամրապնդվելով 17 հազար բնակիչ ունեցող այս բնակավայրի արևմտյան թաղամասերում։
Հիշեցնենք, որ Խարկովի մարզի տարածքի զգալի մասը ռուսական զինուժը գրավել էր ռազմական գործողությունների հենց սկզբում՝ 2022-ի փետրվար-մարտ ամիսներին՝ ընդհուպ մոտենալով մարզկենտրոն Խարկով քաղաքին, որն Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և նախկին մայրաքաղաքը։
2022-ի սեպտեմբերին ուկրաինական հաջող հակահարձակման արդյունքում ռուսական զորքերը Խարկովի ուղղությամբ նահանջել էին մինչև Ռուսաստանի պետական սահման, սակայն վերջին շրջանում Խարկովի շուրջը իրադրությունը կրկին սրվել է, մի շարք բնակավայրեր կրկին անցել են ՌԴ-ի վերահսկողության տակ։
Ավելացնել նոր մեկնաբանություն