Չինաստանը «ագահորեն հավաքագրում է» օդաչուներ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի երկրներից, զգուշացնում են հետախուզական ծառայությունները
Ամերիկյան հետախուզական ծառայությունները զգուշացնում են, որ Չինաստանը տքնաջան աշխատում է ամերիկացի ռազմական օդաչուներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրներից օդաչուներ հավաքագրելու ուղղությամբ՝ Խաղաղ օվկիանոսում աճող լարվածության համատեքստում։
Չինաստանի հավաքագրման մեթոդների մասին նախազգուշացումը հրապարակվել է չորեքշաբթի Ազգային հակահետախուզության և անվտանգության կենտրոնի (ODNI) տնօրենի գրասենյակի հրապարակած տեղեկագրում։ Այս մասին նաև զգուշացրել են Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունները։ Նշենք նաև, որ այս երկրները հաճախակի հետախուզում են իրար:
«Իրենց թերությունները կոծկելու համար Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ) խելակորույս հավաքագրում է արևմտյան ռազմական տաղանդներին իրենց օդաչուներին մարզելու համար՝ օգտագործելով մասնավոր ընկերություններ ամբողջ աշխարհում, որոնք թաքցնում են իրենց կապերը ՉԺԱԲ-ի հետ և նորակոչիկներին առաջարկում չափազանց բարձր աշխատավարձեր»,- նշել է ODNI-ի տնօրեն Մայքլ Քեյսին։
Կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է. «Արևմտյան կառավարությունների վերջին գործողություններն ազդել են այս գործողությունների վրա, սակայն ի պատասխան ՉԺԱԲ-ի հավաքագրման ջանքերը շարունակվում են»:
Հարավային Աֆրիկայում և Չինաստանում տեղակայված մասնավոր ընկերությունները փորձում են արևմտյան տարբեր երկրներից վարձել նախկին կործանիչների օդաչուների՝ հույս ունենալով նրանց մեթոդների և հմտությունների մասին պատկերացում կազմել և այնուհետև փոխանցել այդ ամենը ՉԺԱԲ-ի օդային ուժերին ու նավատորմի օդաչուներին, ասվում է տեղեկագրում:
« ՉԺԱԲ-ը ցանկանում է անհատների հմտություններն ու փորձը ունենալ, որպեսզի իր ռազմաօդային գործողություններն ավելի մարտունակ դարձնի՝ միաժամանակ պատկերացում կազմելով արևմտյան օդային մարտավարության, տեխնիկայի և ընթացակարգերի մասին»,- նշվում է տեղեկագրում:
Ավելացնել նոր մեկնաբանություն