ՌԴ-ն պահանջում է ԱՄՆ-ից դուրս բերել Եվրոպայում տեղակայված միջուկային զենքերը
Չորեքշաբթի Ռուսաստանը պահանջել է ԱՄՆ-ից դուրս բերել Եվրոպայում տեղակայված միջուկային զենքերը և ապամոնտաժել նրանց տեղակայման համար նախատեսված ենթակառուցվածքները։
«ԱՄՆ միջուկային զենքերը լրջագույն անվտանգային խնդիր են ստեղծում մայրցամաքի համար,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։- Մեր պահանջն այս հարցում անփոփոխ է մնում, նրանք դուրս են բերում Եվրոպայում տեղակայված միջուկային զենքերի ողջ պաշարը, ինչպես նաև ապամոնտաժում իրենց տեղակայման համար նախատեսված ենթակառուցվածքները»։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակից երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքի «զգոնությունն» ավելի բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Նա բրիտանական «The Daily Telegraph» թերթին ասել է, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները կթարմացնեն իրենց միջուկային զինանոցը:
Զախարովան նաև անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի զորավարժություններին մասնակցելու ճապոնական ծրագրերի առնչությամբ։
Նա Վաշինգտոնին մեղադրել է Ճապոնիային ու Հարավային Կորեային Ռուսաստանի և Չինաստանի դեմ օգտագործելու մեջ՝ հավելելով, որ միջուկային զենքի կիրառմամբ աշխարհաքաղաքական զինված հակամարտության սցենարների մշակման գործողությունը հրահրում է հետագա լարվածություն, խաթարում խաղաղությունն ու կայունությունը և տարածաշրջանը մղում դեպի միջուկային նոր աղետ։
Կորեական թերակղզում ԱՄՆ-ի քաղաքականությունն «ագրեսիվ» անվանելով՝ Զախարովան պնդել է, որ Վաշինգտոնը փորձում է «մեկ այլ տարածաշրջան բերել բացարձակ քաոսային վիճակի և այն վերածել երկրորդ Մերձավոր Արևելքի»։
Ռուս պաշտոնյան նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի արևելյան սահմաններին սպառնացող ցանկացած իսկական վտանգ «Մոսկվայի կողմից համարժեք պատասխան կստանա իր պաշտպանունակությունն ուժեղացնելու համար»:
Ավելացնել նոր մեկնաբանություն