ՄԱԿ-ը պետք է Բաքվից պահանջի ազատ արձակել բոլոր բանտարկյալներին մինչև COP29-ը, վերանայի հյուրընկալ երկրների ընտրության կարգը. «Еxpress»
«Առավոտ»․ Բրիտանական Еxpress պարբերականում հրապարակվել է ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ» պայմանագրի նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
«Հաջողակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն անցյալ տարվա սեպտեմբերին գերեվարվել է ադրբեջանական իշխանության կողմից, այնուհետև՝ ապօրինաբար կալանավորվել:
Այդ օրվանից ի վեր Վարդանյանը՝ ևս 22 հայերի հետ, ապօրինաբար պատանդ է պահվում Բաքվի իշխանությունների կողմից. նրանց զրկել են պատշաճ դատավարությունից և միջազգային անկախ իրավական խորհրդատվությունից, ինչպես նաև այցելուներից, զրկել են պատշաճ սննդից ու բժշկական սպասարկումից, և ինչպես բոլորովին վերջերս պարզվեց՝ նրանց հետ վարվել են սարսափելի դաժանությամբ։
Բաքվի Հանրապետության (խմբ․) կառավարության կողմից գերության մեջ պահվող 23 անձանց թվում են Արցախի Հանրապետության (խմբ․) ութ քաղաքական առաջնորդներ և անմեղ քաղաքացիներ։
Ամենևին էլ պետք չէ զարմանալ. Բաքվի Հանրապետությունը (խմբ․) մի երկիր է, որը չի հարգում մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը: Այդ երկիրը 100 միավորից ընդամենը 7 ողորմելի միավոր ունի Freedom House կազմակերպության կողմից։
2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիևը հորից ժառանգեց նախագահի աթոռը, այդ երկրում կոռուպցիան առավել ծաղկեց, քաղաքացիական ազատությունները ոչնչացվեցին և քաղաքական ընդդիմությունը ջախջախվեց՝ չթողնելով ազատ արտահայտման կամ քաղաքացիական ակտիվության որևէ հնարավորություն:
Լրագրողները ենթարկվում են հետապնդման, շանտաժի և կաշառելու փորձերի. եթե դիմադրում են, ապա հայտնվում են բանտում։ Նրանք, ովքեր լքում են երկիրը, նրանց ընտանիքներն են ենթարկվում հալածանքների:
Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակն ուղարկվել է Արցախի Հանրապետություն (խմբ․), որը վիճելի տարածք է Բաքվի Հանրապետության (խմբ․) և Հայաստանի միջև: Արցախի Հանրապետությունում (խմբ․) նա փորձում էր պաշտպանել տեղի հայ բնակչությանը վերահաս բռնություններից։ Տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո, ինչի հետևանքով տեղի բնակչությանը զրկված էր սննդից, վառելիքից և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներից, Բաքվի Հանրապետությունը (խմբ․) ստիպում է ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց տները, թողնել ունեցվածքն ու փախչել: Շատերն այն անվանել են ցեղասպանություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն