ո

«Հրապարակ». Աշնանը լարվածության մակարդակն ու որակը կբարձրանա

«Հրապարակ»-ի հարցազրույցը ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցի հետ

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին վերջին շրջանում ԱՄՆ-ից հնչել են մի շարք հայտարարություններ, որոնք շատերին տարընթերցման տեղիք են տվել։ Բլինքենն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, մինչդեռ Ալիեւը հստակ ասում է՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի, եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Ի՞նչ է իրականում կատարվում։

- ԱՄՆ-ի այն թեզը, թե կողմերը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, բանակցություններն անցնում են արդյունավետ, բավական երկար ժամանակ շրջանառության մեջ է։ Արդեն մեկ տարուց ավելի է, որ ասում են, թե կողմերը մոտ են։ Դրական դինամիկայի մասին հիմնականում խոսում են միջազգային ֆորմատով միջոցառումների ժամանակ։ Հայաստան-Ադրբեջան երկկողմանի հարթակում լարվածության մակարդակը բավականին բարձր է։ Նախապայմաններ են դրվում Հայաստանի առաջ՝ ՀՀ սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ ՀՀ սուվերեն տարածքից դուրս չեն գալու։ Իմ գնահատմամբ՝ կողմերը հեռու են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուց։ Խաղաղության այս պայմանագրում ես չեմ տեսնում մեր պետական շահը, ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը, մեր անվտանգության ապահովումը։

- Բայց, դրան զուգահեռ, սահմանազատում է կատարվում` փուլ առ փուլ, ի՞նչ է սա նշանակում։

- Սա հատուկ ընտրված ձեւ է, տեղի է ունենում էպիզոդիկ․ Շուռնուխ, Տավուշից հատվածներ, հետո կգան Գեղարքունիք, Սյունիք եւ այլն։ Սա առաջին հերթին վերահաստատում է այն տեսակետը, որ գործընթացը տեղի է ունենում ճնշման ներքո։ Միջազգային կանոնների համաձայն՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կոմպլեքս խնդիր է, այն պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, որը կապահովի երկու կողմերի շահը։ Հաջորդ պարտադիր կանոնն է. ճնշումների ներքո սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել չի կարելի։ Այստեղ շատ կարեւոր է միջազգային հանրության դերը, բայց քանի որ մենք խաղաղության պայմանագիրը բանակցում ենք տետ ա տետ ֆորմատով` առանց միջնորդների եւ միջազգային հանրության ներկայության, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս ճնշումները, իրավիճակը կարգավորել։ 

- Դիվանագետները, քաղաքագետները Հայաստանի ղեկավարի կողմից տարածքային նոր զիջումների մասին են խոսում, ո՞ր տարածքներն են դրանք, ե՞րբ սպասել այդ գործընթացներին։

- Ամենաանշնորհակալ գործն է կանխագուշակելը, բայց մինչ օրս միայն զիջումներով է առաջ գնում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Հասանք այն ցինիկ գնահատականին, որ «դպրոցի անվտանգությունը պիտի ապահովեն ծառերը»․ չեղավ, չի ստացվի։ 

- 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններին մոտ 2 տարի կա, բայց իշխող ուժն արդեն սկսել է պատրաստվել․ նոր ԱԺ-ում, Ձեր կարծիքով, ո՞ր ուժերը կհայտնվեն։ 

- 2024-ին խոսել 2026-ի հերթական ընտրությունների մասին` չի լինի, չեմ կարող ասել։ Վերջերս հրապարակվեցին քաղաքական ռեյտինգի վերաբերյալ  հարցման արդյունքներ, որն ակնհայտ պատվիրված է։ Առաջին տեղում ՔՊ-ն էր, որը տրամաբանությունից դուրս է։ Կարող եմ ասել, որ, չնայած արձակուրդային սեզոնին, ներքին քաղաքական անկայուն ու լարված վիճակը պահպանվելու է։ Աշնանը լարվածության մակարդակն ու որակը կբարձրանան։ 

- Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ առաջընթաց եք տեսնում։

- Այս հարաբերություններն առանձին չեմ դիտարկում, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմից հետո, որովհետեւ այդ պատերազմն իրականացվում էր թուրք-ադրբեջանական միության կողմից։ Տարածաշրջանային քաղաքականությունն իրենք իրականացնում են միասին։ Հայ-թուրքական սահմանի բացման համար թուրքերը միշտ նախապայմաններ են առաջ քաշել, թե այն ժամանակ, այսպես կոչված՝ օկուպացրած տարածքների վերադարձ, Հայոց ցեղասպանության հարց։ Հիմա նախապայմանները փոխվել են՝ «Զանգեզուրի միջանցք» կամ թուրքական աշխարհը կապող տրանսպորտային հաղորդակցություն, առաջ կգան նոր նախապայմաններ, ինչպես տեղի է ունենում Ադրբեջանի հետ բանակցություններում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն